CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Գարո Օլգար Բոյաջյան. Մարդը, որն ապրում է Դերսիմի և ալևիացած հայերի խնդիրներով

Գարո Օլգար Բոյաջյան. Մարդը, որն ապրում է Դերսիմի և ալևիացած հայերի խնդիրներով
20.04.2026 | 09:48

Ուզում եմ ներկայացնել մի հրաշալի մարդու՝ Գարո Օլգար Բոյաջյանին, ով իր ողջ էությամբ նվիրված է Դերսիմի և ալևիացած հայերի խնդիրներին։

Նրա նախնիները ևս ճաշակել են Ցեղասպանության ողջ արհավիրքը։ Մեծ գերդաստանից փրկվել էր միայն իննամյա պապը՝ Խորենը։ Տղան՝ սովահար ու վշտահար, երկար փնտրում է ծնողներին՝ մեռած թե կենդանի։ Այդ տարիներին Դերսիմի ալևիները փրկեցին հազարավոր հայերի՝ նրանց տալով տանիք ու սնունդ։ Այդպես էլ մի բարի ալևի որդեգրեց Խորենին։ Նա այդ ընտանիքում ապրում էր հավասար իրավունքներով։ Նույնիսկ երբ գարնանը հացահատիկ էին ցանում, առաջին բուռը հողին հանձնելու իրավունքը վերապահված էր հայ տղային՝ որպես օրհնանք և բերրիության առհավատչյա։

Տարիներ շարունակ Խորենը շաբաթվա մեջ երկու օր տանից հեռանում էր։ Հետագայում պարզվեց, որ նա գնում էր իր հայրական գյուղը՝ հարազատներին գտնելու հույսը դեռ չկորցրած։ Տղային որդեգրած ալևի ընտանիքն ապրում էր Դերսիմից ոչ հեռու մի գյուղում, որտեղ ևս մի հայ տղա կար, որի հետ Խորենը հովվություն էր անում։

Անցան տարիներ... Խորենի ալևի հայրը որոշեց նրան ամուսնացնել անպայման հայուհու հետ։ Կինը տղայից բավականին մեծ էր՝ ամուսնուն կորցրած մի այրի, որը Խորենին մայր կսազեր։ Տղայի բողոքին, թե այդ կինը մոր տարիքի է և ինչպես պետք է երեխաներ ունենան, հայրը պնդեց՝ ասելով, որ եթե երեխա չլինի, զավակ կորդեգրեն։ Սակայն կինը երկու աղջիկ պարգևեց նրան՝ 1927 և 1929 թվականներին։

1938 թիվ... Նոր արհավիրք կախվեց դերսիմահայության գլխին. նորից կոտորած, մահ և տեղահանություն։ Խորենն ընտանիքով ևս տեղահանվեց։ Օտարության մեջ վախճանվեց նրա տարեց կինը։ Երբ պետությունը վերջապես թույլ տվեց վերադառնալ գյուղերը, Խորենն արդեն մոտ 50 տարեկան էր։ Նա ամուսնացավ երկրորդ անգամ՝ 12-ամյա Օվսաննայի հետ։ Կազմեցին ընտանիք, զավակներ ունեցան և ապրեցին որպես հայ՝ սիրված ալևի համագյուղացիների կողմից, ովքեր ասում էին. «Մեզ հայերից միայն մի բարակ թել է բաժանում»։

Գարո Օլգարը սերում է հենց այս՝ Բոյաջյանների տոհմից։ Նախքան Ցեղասպանությունը նրանց գյուղի 500 բնակչից շուրջ 300-ը Բոյաջյաններ էին։ Գարոն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է Դերսիմի հայերի հարցերին՝ օգնելով նրանց վերադառնալ արմատներին։ Նրա օգնությամբ մոտ երկու հարյուր հայ բացահայտել են իրենց ինքնությունը և ընդունել քրիստոնեություն։ Այսօր նրանք այլևս չեն վախենում բարձրաձայնել իրենց հայ լինելու մասին։ Գարոն շրջում է Դերսիմի գյուղերով, լուսանկարում հայերին և ներկայացնում նրանց աշխարհին։

Անցած ամիս Գարոն հրավեր էր ստացել Բեյրութի հայ համայնքի կողմից։ Ընդունելությունը շատ ջերմ էր։ Նա պատմեց իր ընտանիքի ողբերգությունը, ներկայացրեց դերսիմցիների կենցաղն ու նրանց դերը հասարակական կյանքում։ Հպարտությամբ նշեց, որ շատ դերսիմահայեր այսօր սովորում են հայկական դպրոցներում և հաճախում Հայ Առաքելական եկեղեցի։

Գարոն նաև գերազանց տիրապետում է Դերսիմի ազգային խոհանոցին։ Բեյրութում նրա օգնությամբ պատրաստվեցին ավանդական ուտեստներ, որոնք համտեսեցին միասին։ Նա հանդիպեց նաև Բեյրութի թեմի առաջնորդի հետ, հանդես եկավ դասախոսությամբ և հանգամանալից ներկայացրեց Թուրքիայում հայերի ունեցած խնդիրները։

Նա վերադարձավ Դերսիմ տպավորված և գոհ, որ կարողացավ ազատ ներկայանալ իր հայրենակիցներին։ Շնորհակալություն քեզ, սիրելի՛ Գարո։ Տա Աստված, որ քո նման հայերն ավելի շատանան և հպարտորեն ներկայանան որպես հայ ու քրիստոնյա։

Գարոն գերազանց տիրապետում է հայերենին. կարող եք հարցեր ուղղել նրան, նա սիրով կպատասխանի։

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ